Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, քաղաքականությունից Գագիկ Ծառուկյանի հեռացումը քաղաքական դասավորությունը փոխեց ոչ միայն Հայաստանում, այլև Ղարաբաղում: Բանն այն է, որ փետրվարի 20-ին` Հայաստանում ԲՀԿ-ի և եռյակի կողմից սպասվելիք «բումի» ֆոնին, Ղարաբաղում ևս պետք է լուրջ շարժ տեղի ունենար: Ընդ որում, դրա առաջին «նախակարապետը» պետք է լիներ «Նախախորհրդարանը» կամ որ է` «Հիմնադիր խորհրդարանը»` իր հետևողական քայլերով. Բերձորի «ակցիան» հենց դրան էր միտված: Որից հետո Ղարաբաղը պետք է «շարժվեր», և ընդդիմադիր Անդրիաս Ղուկասյանի և Հայկ Խանումյանի կուսակցությունները ռելաքսացիայի կենթարկեին ղարաբաղյան քաղաքական դաշտն ամբողջովին` «առաջամարտիկի» դրոշը վերցնելով իրենց ձեռքը, պառլամենտական ընտրություններում կհաղթեին, որին էլ հընթացս պետք է միանար Մոսկվայից վերադարձած Սամվել Բաբայանը` իր շուրջը հավաքելով բողոքական մասսային: Եվ ընդդիմությունը, որը կվերցներ նախ պառլամենտը, ապա նախագահական ընտրություններում կփորձեր սեփական թեկնածու առաջադրել և հաղթել:
Բանն այն է, որ վերջին տարիներին Մոսկվայում գտնվող Սամվել Բաբայանը և Գագիկ Ծառուկյանը հաճախ էին հանդիպում: Ավելին` Գագիկ Ծառուկյանը ֆինանսական դժվարին խնդիրների առջև հայտնված «կոմանդույուշչիին» օգնում էր, ըստ նույն աղբյուրների, կուտակված պարտքերը փակելու հարցում:
Բայց քանի որ Հայաստանում փետրվարյան «բում» չեղավ, ավելին, Ծառուկյանը բոլորին` Քոչարյանին, «Սիվիլիթասին», Սամվել Բաբայանին, ղարաբաղյան «կոնկուրենտ ֆիրմային» ասաց` «Բա՛վ սիրեցի, մնա՜ք բարյավ», Ղարաբաղում նույնպես, ինչպես Հայաստանում, ստատուս-քվոն ներքաղաքական դաշտում պահպանվեց, Սամվել Բաբայանն էլ չվերադարձավ յուր հայրենիք:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ